Ուկրաինայի խորհրդարանը կոնսենսուսի չի եկել վարչապետի հարցում
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում ներառված չեն կոալիցիայի ձևավորման և վարչապետ նշանակելու հարցերը.
«Հաշվի առնելով օրակարգը՝ ես չեմ տեսնում որևէ ճակատագրական հարց: Նախարարների կաբինետը շատ բարդ հարց է՝ առավել ևս մեծ թվով մարդկանց, թեկնածությունների առկայության դեպքում, որոնք որբևէ չեն եղել կառավարման համակարգում»:
Կոշուլինսկին կանխատեսել է, որ գործադիր իշխանությունում կներառվեն բազմաթիվ նոր մարդիկ: «ՈՒԴԱՌ» կուսակցության պատգամավոր Վալերի Կարպունցովն իր հերթին հայտարարել է, որ կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել՝ ընդգծելով, որ դա բավական բարդ հարց է:
Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը կիրակի տեղի ունեցած խորհրդարանի նիստում խմբակցությունների առաջնորդներին հանձնարարել էր մինչև փետրվարի 25-ը կողմնորոշվել խորհրդարանական կոալիցիայի ձևավորման հարցում և առաջարկներ ներկայացնել նոր կառավարության կազմի մասին:
Կիրակի ուժի մեջ մտած 2004 թվականի Սահմանադրության համաձայն, կառավարության հարցի լուծման համար անհրաժեշտ է ձևավորել պատգամավորական խմբակցությունների կոալիցիա: