
Իրակլի Գարիբաշվիլին հանդիպել է Բարաք Օբամայի ու Ջո Բայդենի հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Իրակլի Գարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Այդ հանդիպումներում Վաշինգտոնն աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը:
Բացի այդ, Վաշինգտոնը նախկինի նման աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Սպիտակ տան հաղորդմամբ՝ Օբաման երեկ միացել է Բայդենի ու Գարիբաշվիլիի հանդիպմանը:
Օբաման ու Բայդենը հայտարարել են, որ ԱՄՆ-ն աջակցում է վրաց ժողովրդի եվրաատլանտյան ձգտումներին՝ խոստանալով շարունակել աջակցությունը՝ Վրաստանում քաղաքական, տնտեսական ու պաշտպանական բարեփոխումներ անցկացնելու համար:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնել փետրվարի 22-ին: Այցը տևելու է մինչև մարտի 1-ը: Գարիբաշվիլին Վաշինգտոն է ժամանել Ջո Բայդենի հրավերով: