
Հայաստանում գտնվող ռուսական ավիաբազայում ձևավորվել է ուղղաթիռների էսկադրիլիա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում առաջադրանքներ կատարելու նպատակով Հարավային ռազմական օկրուգում ձևավորվել է բանակային ավիացիայի էսկադրիլիա, որի մեջ մտել են Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռներ: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը.
«Հայաստանի Հանրապետությունում գտնվող «Էրեբունի» ռազմական օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն բազայում ձևավորվել է Հարավային ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի ու հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարության բանակային ավիացիայի էսկադրիլիա»:
Ավելի վաղ Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ավիացիոն խմբավորման տրամադրության տակ կար МиГ-29 կործանիչներից բաղկացած էսկադրիլիան: Այժմ բանակային ավիացիայի էսկադրիլիայի ձևավորմամբ ավիախմբավորման կազմում են ընդգրկվել Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռները, որոնց պլանավորված է գործածել բազմաթիվ առաջադրանքների համար. զորքերին ավիացիոն աջակցության ցուցաբերում ու Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի անձնակազմի փոխադրում:
Պլանավորված է այդ ուղղաթիռներն «Էրեբունի» օդանավակայան ուղարկել այս տարվա ընթացքում: