
Փետրվարի 21-ին Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման մասին ստորագրված համաձայնագիրը չի իրագործվում. ՌԴ ԱԳՆ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն ուկրաինական ճգնաժամի բոլոր մասնակիցներին կոչ է արել իրավիճակը վերադարձնել իրավական հուն և հակահարված տալ ծայրահեղականներին.
«Ուկրաինայի ճգնաժամի բոլոր մասնակիցներին համառորեն կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն և թույլ չտալ իրավիճակի հետագա դեգրադացիա, այն վերադարձնել իրավական հուն և կոշտորեն կանխել ծայրահեղականների կողմից իշխանության գալը»:
Հայտարարությունում նշված է, որ Մոսկվան չափազանց անհանգստացած է Ուկրաինայում իրավիճակի զարգացման կապակցությամբ. «Զինյալները զինաթափված չեն, հրաժարվում են լքել քաղաքների փողոցները, որոնց նրանք փաստացիորեն վերահսկում են, հրաժարվում են ազատել վարչական շենքերը, շարունակում են բռնության ակտերը:
Փետրվարի 21-ին Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման մասին ստորագրված համաձայնագիրը չի իրագործվում՝ չնայած նրան, որ դրա ստորագրմանը ներկա են եղել Գերմանիայի, Լեհաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները, իսկ ԱՄՆ-ը, ԵՄ-ը և միջազգային մյուս կառույցները ողջունել են այդ փաստաթուղթը»: