Գյումրիի նախակրթարանը սնունդը ձեռք բերում խանութի արժեքից ավելի թանկ գնո՞վ (տեսանյութ). ԳԱԼԱ
Գյումրիի նախակրթարաններում երեխաները թերսնվում են: Մանկապարտեզների վարիչների խոսքերով՝ նախակրթարաններն ապրում են իսկական աղքատ ընտանիքների պես, գումարը չի բավականացնում, եւ տնտեսել այնպես, որ երեխան 3-անգամյա նորմալ սնունդ ստանա, տեսականորեն անգամ հնարավոր չէ: ԳԱԼԱ-ն փորձել է պարզել պատճառները, ինչո՞ւ են երեխաները թերսնվում:
Գյումրիի նախակրթարաններում երեխաների սնունդն իրականացվում է բացառապես ծնողական միջոցներով: Գյումրու քաղաքապետարանը վճարում է միայն աշխատակիցների աշխատավարձերը, երբեմն էլ օգնում ջեռուցման հոգսերը փոքր-ինչ թեթեւացնելու համար: Ի՞նչ են ուտում երեխաները նախաճաշին, ճաշին եւ հետճաշիկին, հոգում է ծնողը: Մեկ երեխայի մանկապարտեզ հաճախելու համար ծնողը Գյումրիում վճարում է միջինը 7-8 հազար դրամ, որից 6 հազարը տրամադրում են սննդի, մնացածը՝ գազի վարձավճար: Եթե առկա 6000 դրամ գումարը բաժանենք հաճախելիության օրերի վրա, ապա կստացվի, որ օրական 300 դրամից էլ պակաս գումար է հասնում մեկ երեխայի համար: Իսկ ինչպե՞ս են նախակրթարանները տնտեսում այդ փոքր գումարը:
Գյումրիի նախակրթարաններից մեկում ծանոթացանք մատակարարվող սննդի ցանկին եւ ապրանքների գներին: Որտեղ, սակայն, ի զարմանս մեզ, սնունդը շատ ավելի թանկ արժե, քան խանութներում: Թանկ է թե միսը, թե նպարեղենը, թե կաթնամթերքը եւ թե միրգը:
Պարզ լինելու համար ներկայացնում ենք մի քանի ապրանքատեսակների գնացանկ, որոնցով մատակարարում են Գյումրիի նախակրթարաններին:
Միս տեղական- Գյումրիի մանկապարտեզների մեծ մասը ստանում է 1 կգ-ը 3500 դրամ
Ներմուծված տավարի միս- 1800
Ձկան պահածո տոմատի սոուսով- 1200 դրամ
Մսի պահածո- 1900
Աղացած կարմիր պղպեղ– 6000 դրամ
Սև թեյ- 6500
Կարամել- 1200
Կոնֆետեղեն շոկոլադապատ- 1950 դրամ
Մածուն- 500 դրամ
Մանդարին- 1000 դրամ
ԳԱԼԱ-ի հետ զրույցում նախակրթարաններից մեկի տնօրեն Ջուլիետա Ավետիսյանը նշել է. «Թանկ է թե՛ մսամթերքը, թե կաթնամթերքը, այս եղանակին նաեւ կանաչին: Նպարեղենն, օրինակ, նորմալ գին է, դժգոհել չենք կարող: Բայց ընդհանուր հաշվով շուրջ 20-25 տոկոս է տարբերությունը»:
Սնունդը Գյումրիի նախակրթարանները հիմա ձեռք են բերում ոչ թե ինքնակամ, այլ հատուկ հանձնաժողովի կողմից ընտրված մատակարար ընկերության միջոցով, որը հասկանալի է, որ շահույթ հետապնդող ընկերություն է նախակրթարանների առանց այն էլ սուղ միջոցներից, թերսնվող երեխաներից գումար է տնտեսում:
Մատակարարող ընկերության ղեկավարին երկար փնտրել պետք չէր: «Յուրի Նազարյան» ՍՊԸ-ի ղեկավարի հետ կայքը զրուցել է հեռախոսով: Նա ապրում եւ գործունեություն է ծավալում Երեւանում: Կայքի հետ հեռախոսազրույցում նա ասել է, որ արդեն Գյումրիի նախակրթարանների սնունդը իր ընկերությունը չի մատակարարում, մրցույթով սահմանված իրենց ժամկետն ավարտվել է:
Իսկ մատակարարվող ապրանքների գների համար բացատրել է՝ մատակարարել է այն գներով, որոնցով մրցույթը շահել է: Մի բան էլ մարդասիրություն է ցուցաբերել եւ որոշ ապրանքների գներ ընթացքում վերանայել են:
Նախակրթարանների տնօրենները դժվարանում են ասել՝ հիմա ով է մեղավոր՝ մրցույթ կազմակերպո՞ղը եւ բարձր գներ առաջարկած ընկերությանը մատակարարման լիազորություններ տվող քաղաքապետարա՞նը, թե՞ նա, ով այդ գներով է մրցույթը շահել:
«Չգիտեմ, երեւի մրցույթն էր սխալ կազմակերպած, չեմ կարող ասել, պարզապես խղճի գործոն էլ պիտի լինի, որը չկա, վաճառականի հոգեբանությու՞ն է…»,- ասել է վարիչներից մեկը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: