Խաղալիք ատրճանակի սպառնալիքով բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի գործ քննությունը սկսվել է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է ոստիկանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: 29-ամյա ոստիկանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված, կոտրել է տուժողին պատկանող տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք է գործել ներս, իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել տուժողի և նրա անչափահաս դստեր վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոնից պատիճավոր պղպեղի լուծամզվածքի նյութ է փչել նրանց դեմքերին, ինչի հետևանքով աչքերը սկսել են մրմռալ:

Ըստ մեղադրանքի՝ այնուհետև ոստիկանը ձեռնաշղթայով կապել է տուժողի ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով` նրա դստեր ձեռքերը, նրանցից պահանջել է ոսկյա զարդեր ու 5000 դոլար գումար և տնից հափշտակել տուժողին պատկանող առանձնապես խոշոր չափի` 4.127.396 դրամի գույք` 5 ոսկյա զարդեր, 186.000 դրամ և 100 դոլար, 220.000  դրամ արժողությամբ «Սոնի» մակնիշի հեռուստացույց և «Սոնի» մակնիշի, 61.006  դրամին համարժեք` 150 դոլար արժողության բարձրախոս, ինչպես նաև 1000 դոլար արժողության կաշվե ճամպրուկ:

Համաձայն datalex-ում տեղադրված մեղադրական եզրակացության՝ այնուհետև ոստիկանն իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող ատրճանակի ու դանակի գործադրմամբ տուժողի և նրա դստեր կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանց հարկադրաբար տեղավորել է վերջինիս պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, առանց հափշտակելու նպատակի` ապօրինաբար տիրացել նշված ավտոմեքենային և դրանով բացահայտ առևանգելով մորն ու դստերը, տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք:

Ըստ մեղադրանքի՝ ոստիկանը, բեռնախցիկից դուրս բերելով տուժողին, իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, այն է` հարկադրել է, որ նա զբաղվի իր առնանդամի ձեռնաշարժությամբ: Դրանից հետո ոստիկանն, ըստ մեղադրանքի, նույն սպառնալիքներով, տուժողի կամքին հակառակ` սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, որից հետո բեռնախցիկից դուրս է հանել տուժողի դստերը և նրան մոր հետ միասին թողնելով դաշտում` նշված ավտոմեքենայով հեռացել է` հետագայում այն թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում:

Նախկինում չդատապարտված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածով՝  բռնաբարության (ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մաս), առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), ավտոմեքենային ապօրինի տիրանալն առանց հափշտակելու նպատակի, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ), կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ), սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մաս):

Տեսանյութեր

Լրահոս