
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը վտանգավոր է Ռուսաստանի ազգային շահերի համար. Մեդվեդև

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը վտանգավոր է Ռուսաստանի ազգային շահերի համար: Նա ընդգծել է, որ Մոսկվան լրջորեն մտահոգված է Ուկրաինայում իր քաղաքացիների կյանքի ու առողջության համար:
Մեդվեդևը պարզաբանել է, որ հենց դրանով է պայմանավորաված խորհրդակցությունների նպատակով Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովին հետ կանչելու մասին որոշումը. «Ես չէ, որ ձեզ պետք է ասեմ, թե դա ինչ է նշանակում դիվանագիտական պրակտիկայում»:
Մեդվեդևը նկատել է, որ ներկայումս Ուկրաինայում չի տեսնում լեգիտիմ գործընկերների, որոնց հետ կարելի է երկխոսություն սկսել: Նա հավելել է, որ Մոսկվան Ուկրաինայի հետ հարաբերությնունների վերականգնմանը պատրաստ կլինի, եթե այնտեղ հայտնվի «նորմալ, ժամանակակից» իշխանություն՝ հենված Սահմանադրության ու օրենքների վրա:
Մեդվեդևի խոսքերով՝ պետք է իրագործվեն Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ստորագրված բոլոր պայմանագրերը: Մեդվեդևը հայտարարել է, որ իրազեկված չէ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի Ռուսաստանում գտնվել-չգտնվելուց: