Անձի երկվություն՝ ԱԺ-ում
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանին առաջարկել էր մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում վերջին դեպքերի հետևանքով արձանագրված տասնյակ զոհերի հիշատակը, ինչը հակասությունների առիթ ստեղծեց ԱԺ-ում:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ակնարկեց, որ պետք է հարգել նաև այն զոհված ոստիկանների հիշատակը, ովքեր ցուցարարների կողմից են մահացել, իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ ասել էր, թե նման առաջարկը դիվիդենտներ շահելու համար է:
168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ Լևոն Զուրաբյանն ասաց. «Բոլոր այն պատգամավորները, ովքեր հարգելով իմ կոչը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուկրաինայում իշխանության բռնություններից զոհված անձանց հիշատակը, և դրա հետ մեկտեղ հարձակվեցին այդ հիշատակը հարգելու գաղափարի վրա, խնդիր ունեն իրենց հոգեբանական վիճակի հետ: Երբ դու մի գործողություն ես անում, ապա այդ նույն գործողության վրա հարձակվում ես, նշանակում է, որ ունես անձի երկվություն:
Մի անձը չի կարող իր մեջ հակասող դիրքորոշումներ ունենալ, իսկ եթե դրանք առկա են, խոսքը անձի երկվության մասին է, և հարցն անցնում է հոգեբուժության ոլորտ: Այնպես որ՝ ես խորհուրդ կտայի լրջորեն զբաղվել այդ հարցով»: