Տարաձայնություններ՝ ԱԺ-ում Ուկրաինայի զոհերի հիշատակը հարգելու առաջարկության շուրջ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանում առաջարկեց հարգել Ուկրաինայում վերջին դեպքերի հետևանքով մահացած քաղաքացիների հիշատակը:
«Ես առաջարկում եմ, որ մենք պառլամենտում մեկ րոպե լռությամբ հարգենք Ուկրաինայում իշխանությունների կողմից մահաբեր զենքի կիրառման պատճառով տասնյակ զոհերի հիշատակը: Դա ընդհանրապես մեծ չարիք է, մեծ ողբերգություն է եղել ու մենք պարտավոր ենք հոտնկայս հարգել նրանց հիշատակը՝ ցույց տալով, որ մեզ համար դա անընդունելի, դատապարտելի չարիք է»,- ասաց Զուրաբյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց, թե ինքը դեմ չէ՝ նշելով. «Ես դեմ չեմ, որ մենք հարգենք բոլոր զոհերի, ոչ միայն մահաբեր զենքի զոհերի, կամ ոստիկաններին ինչո՞ւ չհարգենք, որ մարդիկ սպանել են: Եկեք հարգենք զոհերի հիշատակը»:
Խորհրդարանաը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը, ինչից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ հայտարարեց, թե այո, դեպքերը ցավալի են, բայց առաջարկը ՀԱԿ պատգամավորի կողմից արվեց դիվիդենտներ շահելու համար:
«Ճիշտ կլիներ, եթե նման առաջարկ անեիք այն ժամանակ, երբ Սիրիայում էին դեպքեր տեղի ունենում, մահանում էին մեր հայրենակիցները: Պետք չէ սիրուն դեմքով վատ բաներ անել»,- դիմելով Լևոն Զուրաբյանին ասաց Եսայանը: