
Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո Ուկրաինայում հնարավոր է ամեն բան. Der Spiegel

Գերմանական Der Spiegel թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայում նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո հնարավոր է ամեն բան: Դա ապացուցում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ֆանտաստիկ վերադարձը: Թերթի բնորոշմամբ՝ ընդդիմադիր շարժման առաջնորդներ Արսենի Յացենյուկն ու Վիտալի Կլիչկոն «մարում» են նախկին վարչապետի կողքին:
Տիմոշենկոն դեռ հերքում է իշխանական հավակնությունների մասին բոլոր լուրերը, սակայն հենց նրան է վիճակված խաղալ կենտրոնական դերը «Ուկրաինան Յանուկովիչից հետո» գործընթացում: Բեռլինն էյֆորիայի մեջ չի այդ կապակցությամբ՝ թեև կանցլեր Անգելա Մերկելը երեկ հեռախոսազրույց է ունեցել Տիմոշնեկոյի հետ:
Ամեն ինչ վկայում է, որ դա եղել է «չոր» զրույց: Գերմանիայի կառավարությունում ու բունդեսթագում չափազանց մեծ է թերահավատությունը Տիմոշենկոյի նկատմամբ, որի հետ 10 տարի առաջ՝ «նարնջագույն հեղափոխության» շրջանում, մեծ հույսեր էին կապում, սակայն վերջին հաշվով նա հիասթափեցրեց շատերին:
Բացի այդ, Տիմոշենկոն հաճախ իրեն դրսևորել է որպես անզիջում ու չափազանց էգոիստ, իսկ երբեմն էլ՝ «ոչ թափանցիկ»: Տիմոշենկոյի հանդեպ բացասաբար են տրամադրված նաև բազմաթիվ ուկրաինացիներ: