Գուրգեն Արսենյանը՝ Հրայր Թովմասյանի և Արմեն Ռուստամյանի լեզվակռվի մասին
«Հրայր Թովմասյանը քաղաքական որոշակի թիմի` իշխանությունը ներկայացնող թիմի անդամ է և եթե իր թիմը գտնում է, որ իր նախարարն արտահայտել է ճիշտ տեսակետ, թող տանեն պատիվ տան, եթե գտնում են, որ նախարարը սխալ է արտահայտվել, սայթաքել է, թող կարգապահական նկատողություն հայտնեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ պատասխանատվություն պետք է կրի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի սահմանադրական իրավունքը` կառավարությանը անվստահահություն հայտնելու մասին, «ղալաթ» անել է համարում:
Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի պատասխան-հայտարարությանը՝ «Մենք էլ կարող ենք բացատրել ու ասել ղալաթ ես անում, չաթլախ», ապա Գուրգեն Արսենյանն ասաց, թե այն, ինչ կատարվեց այսօր խորհրդարանում, իրեն դուր չեկավ:
«Ինձ դուր չեկավ այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ դահլիճում, ես նման բաների կողմնակից չեմ: Եթե դու համաձայն չես մեկի հետ, ով քո մասին արտահայտվել է, քո անհամաձայնությունը կարող ես հայտնել այլ կերպ: Եթե արտահայտությունը համարում ես վիրավորական, պետք է արտահայտես քո վիրավորանքը այլ գործիքներով, ոչ թե լեզվակռվով»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Հ. Թովմասյանի գնահատականին, ապա պատգամավորն ասաց, թե նախարարի կողմից իրականացվող մասնագիտական գործունեության համար ինքը վճարվում է, և չպետք է իրեն թույլ տար հանդես գալ նման արտահայտությամբ: «Կարծում եմ, Թովմասյանն էլ զգացել է, որ այն չի ասել»,- նշեց նա: