
Պուտինը չի հաշտվի պարտության հետ. Corriere della Sera

Իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Ռիչարդ Փյոռլը հայտարարել է, որ ուկրաինական ընդդիմությունը, կարծես թե, վերահսկում է իրավիճակը, սակայն Պուտինը չի հաշտվի պարտության հետ:
Ես մեծապես անհանգստացած եմ Կիևի իրադարձությունների զարգացման կապակցությամբ: Ես տագնապահարույց եմ համարում Կիև բանակցություններին Պուտինի կողմից անհայտ չինովնիկի գործուղելը, ինչպես նաև Կիևից ուկրաինական ոստիկանության արագ դուրս բերումը: Ես չէի ցանկանա, որ դա դառնար առավել զանգվածային ուժային գործողությունների նախերգանքը:
Ամերիկան ու Եվրոպան պետք է օգնեն Ուկրաինային՝ հաղթահարելու համար տնտեսական լուրջ բարդությունները՝ հատկացնելով օգնություն, այդ թվում նաև էներգետիկ, որպեսզի չեզոքացնեն ռուսական շանտաժը: Նրանք պետք է հայտարարեն, որ Ուկրաինայի համար բաց է ճանապարհը ոչ միայն դեպի ԵՄ, այլև՝ դեպի ՆԱՏՕ:
Մենք լուռ հետևեցինք, թե ինչպես է Պուտինը 15 միլիարդ դոլար առաջարկում Կիևին և «աչք փակեցինք» Խորհրդային կայսրության առնվազն մասնակի վերականգնման վրա»: Պուտինը «Սառը պատերազմի» նախկին մասնակից է, նա չի սիրում մեզ, նա հետապնդում է իր շահերը և փորձում է մեզ դեմ տալ պատին: Նա հիմնականում հասկանում է ուժի լեզուն:
Ջորջ Բուշը սխալ գործեց, երբ Ուկրաինային չընդունեց ՆԱՏՕ, երբ նա կարող էր և պետք է աներ դա: Այդ ժամանակ Ռուսաստանը ոչինչ չէր կարող անել դրա հետ: Ներկայիս նախագահը նույնպես չունի բավականաչափ ուժեր: Իսկ ահա Պուտինն ունակ է ամեն ինչի:
Նա կարող է զինել Յանուկովիչին, Ուկրաինա ուղարկել հատուկ նշանակության զորքեր, հայտարարել Կիևում պետական հեղաշրջման և իր դաշնակցին պաշտպանելու անհրաժեշտության մասին կամ էլ կարող է հայտարարել քաղաքացիական պատերազմի ու դրան վերջ դնելու անհրաժեշտության մասին, ինչը և նրան կվերածի մեծ խաղաղապահի:
Նա կարծում է, որ մենք՝ ամերիկացիներս ու եվրոպացիներս, չենք արձագանքի, եթե նա ձեռնարկի անսպասելի քայլեր: Հնարավոր է՝ (Պուտինին) արգելակել են Օլիմպիական խաղերը, սակայն դրանք ավարտվել են»: