
Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ-Բեբլավին հայտարարել է երկրի կառավարության հրաժարականի մասին: Ենթադրվում է, որ դա ճանապարհ է հարթում նախագահական ընտրություններին պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի մասնակցության համար:
Ալ-Բեբլավին իր հայտարարությունն արել է կարճատև հանդիպման արդյունքներով, որին մասնակցել է նաև ալ-Սիսին: Ակնկալվում է, որ նոր վարչապետ է դառնալու բնակության հարցերով նախարար Իբրահիմ Մահլեբը: Սիսին նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էր փետրվարի սկզբին:
Ավելի վաղ նրան այդ մասին խնդրել էր Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհուրդը: Նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ է, որ ֆելդմարշալը հրաժեշտ տա զբաղեցրած պաշտոնին:
Ներկայումս երկրի ժամանակավոր նախագահն Ադլի Մանսուրն է, ով այդ պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա ամռանը՝ զինվորականների կողմից նախագահ Մոհամմեդ Մուրսիին գահընկեց անելուց հետո: Համարվում է, որ իշխանությունը դե-ֆակտո պատկանում է զինվորականներին՝ Սիսիի գլխավորությամբ: