Ֆինանսերի փոխնախարարը՝ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումների մասին
«Այն ոլորտներում, որոնք մեր իրավասության ներքո են, ես կարող եմ Ձեզ վստահորեն ասել, որ մենք շտապելու ոչ մի խնդիր չունենք, շտապելու խնդիր չկա, և ոչ մի հարցում ոչ մի մասով մենք չենք տուժելու»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Մաքսային և հարկային, Մակրոտնտեսական քաղաքականության և Մաքսատուրքերի բաշխման հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար Սուրեն Կարայանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ՄՄ-ին անդամակցելը «շահերի համաձայնեցման աշխատատար գործընթաց է, և շտապողականությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների»:
Քոչարյանի մեկ այլ դիտարկմանը, որ ՄՄ շրջանակներից դուրս գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների գների բարձրացումը զգալի կլինի, Ս.Կարայանը պատասխանեց, որ շտապել պետք չէ, 900 ապրանքների շուրջ բանակցությունները շարունակվում են և միայն դրանց ավարտից հետո կարելի կլինի գնահատական տալ: