
Պուտինն ու Մերկելը կողմ են արտահայտվել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնվել են, որ պետք է պահպանվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Մերկելն ու Պուտինը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Նրանք ընդգծել են, որ շահագրգռված են Ուկրաինայի կայունությամբ, ինչը վերաբերում է դրա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական կողմին:
Պուտինն ու Մերկելը քննարկել են նաև Ուկրաինայում նոր կառավարության ձևավորման հարցը: Նրանք պայմանավորվել են մնալ սերտ շփման մեջ: Նշվում է, որ դրանից առաջ էլ Մերկելն Ուկրաինայի հարցը քննարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ ԱՄՆ-ի նախագահը քննադատել է Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը: