
Դատախազն Իլգար Մամեդովի համար առաջարկել է 8 տարվա ազատազրկում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր պետական մեղադրողը հանդես է եկել Իսմայիլիի շրջանի բողոքի ակցիաների գործով ամփոփիչ խոսքով՝ առաջարկելով բոլոր 18 ամբաստանյալներին դատապարտել տարբեր ժամկետներով ազատազրկման:
Դատախազ Ֆուադ Մուսաևն առաջարկել է REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին դատապարտել մինչև 8 տարվա ազատազրկման, իսկ «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յաղուբլուին՝ մինչև 7 տարվա ազատազրկման:
Մնացյալ 16 ամբաստանյալի համար դատախազը խնդրել է 4-9 տարվա ազատազրկում: Նրանք բոլորն էլ մեղադրվում են քրեական օրենսգրքի 220.1 հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում) ու 315.2 հոդվածով (ոստիկանի վրա բռնության գործադրում):
2013 թվականի հունվարի 23-24-ին Իսմայիլիում տեղի էին ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ, ինչի համար հիմք էր ծառայել գործադիր իշխանության ազգականների ու մերձավորների կոպիտ պահվածքը: