Նաիրիտցիները մտադիր են վաղը բողոքի ակցիա անցկացնել Ազգային ժողովի մոտ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պատաստվում են վաղը բողոքի ակցիա անցկացնել Ազգային ժողովի մոտ, որտեղ այդ ժամանակ քննարկվելու է «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Հիշեցնենք, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես են եկել ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուստամյանը:
168.am-ի տեղեկություններով՝ գործարանի աշխատակիցները ցանկացել են ցույց անցկացնել դեռ անցած շաբաթ ուրբաթ օրը, սակայն գործարանի ղեկավարությունը զսպել է կրքերը և չի թույլատրել ոտքի ելնել, ՀՀ նախագահի նստավայր միայն փոքրաթիվ պատվիրակություն է գնացել, որոնց ասել են, թե 2-3 ամիս պետք է սպասեն, մինչև կհստակեցվի գործարանի ճակատագիրը և նրանց աշխատանքի հարցը:
Հիշեցնենք, որ վերջին ցույցի ժամանակ «Նաիրիտի» աշխատակիցները բացի աշխատավարձերի վճարումից պահանջել էին նաև վճարումների գրաֆիկ կազմել և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի պարզաբանումները գործարանի հետագա վճակի հետ կապված: Մեկ ամսվա աշխատավարձ նաիրիտցիներին վճարվեց փետրվարի 20-ին, իսկ մնացած պահանջները մնացել են օդում: