
Բժեզինսկին Ուկրաինային խորհուրդ է տվել Ռուսաստանի հանդեպ վարել Ֆինլանդիայի նման քաղաքականություն

Բրիտանական The Financial Times թերթում հրապարակվել է Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ամերիկացի աշխարհահռչակ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկու հոդվածը: Դրանում Բժեզինսկին նշել է, որ Արևմուտքը կարող է կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում բռնությունների զսպման հարցում:
Բժեզինսկին կարծում է, որ Արևմուտքը պետք է Կրեմլին ցույց տա, որ Կիևում առաջացող ժողովրդավարությունն ապակայունացնելու կամ էլ Ուկրաինան մասնատելու փորձերը կարող են հարկադրել, որ Վաշինգտոնն օգտագործի իր ազդեցություը և ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք տնտեսական պլանում թանկ կարժենան Մոսկվայի համար:
Բժեզինսկին թվարկել է այդ քայլերի բազում տարբերակներ՝ սկսած մեկ մարդու հանդեպ ֆինանսական պատժամիջոցներ սահմանելուց, վերջացրած ԱՀԿ-ում, Համաշխարհային բանկում Ռուսաստանի կարգավիճակի, G8-ում Ռուսաստանի դերակատարության վերանայմամբ:
Բժեզինսկին կարծում է, որ այն ժամանակ, երբ Ուկրաինայում աճում է քաոսն ու մեծանում է Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության սպառնալիքը, էլ ավելի ակնհայտ է դառնում Արևմուտքի պատասխանատվությունը կառուցողական արդյունքի հասնելու հարցում.
«Ուկրաինան պետք է Ռուսաստանի նկատմամբ իրականացնի այնպիսի քաղաքականություն, որը նման կլինի Ֆինլանդիայի վարած արդյունավետ քաղաքականությանը. փոխադարձ բարիդրացիություն, տնտեսական լայն հնարավորություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ-ի հետ, սակայն դրա հետ մեկտեղ ռազմական որևէ դաշինքի բացակայություն: Ֆինլանդիան իդեալական օրինակ է Ուկրաինայի, ԵՄ-ի ու Ռուսաստանի փոխհարաբերությունների համար»: