Գնաճը կշարունակի նվազել. ԿԲ
Հայաստանում 12-ամսյա գնաճը շարունակելու է նվազել և տարեվերջին կմոտենա նպատակային 4% ցուցանիշին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, այս տարի ևս միջնաժամկետ հատվածում գնաճը տատանվելու է թույլատրելի միջակայքի սահմաններում:
Ըստ նրա, արտաքին աշխարհում՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի տնտեսությունները վերականգնվում են, կանխատեսողները գտնում են, որ տնտեսական աճի տեմպերի նվազումը դանդաղում է, սպասվում է բարենպաստ տարի և ՀՀ տնտեսության վրա արտաքին գնաճային ճնշումներ չեն սպասվում:
Ա. Ստեփանյանի խոսքով՝ արտահանման ու ներմուծման աճի տեմպերը կպահպանվեն, կպահպանվի նաև տրանսֆերտների աճի տեմպը, տնտեսական աճը կտատանվի 5.4-6% սահմաններում և կկայունանա. «Ներքին տնտեսությունում մասնավոր հատվածից գնաճային ճնշումներ չեն սպասվում, որոշ ճնշումներ կլինեն պետական հատվածից, քանի որ բյուջեի դեֆիցիտն ավելի է, բայց տարեկան արդյունքներով գնաճը կամփոփվի 4%-ի սահմաններում»: