Թուրքիան գնել է ամերիկյան 109 բազմանշանակ ուղղաթիռ
Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՊՆ-ը ամերիկյան Sikorsky ընկերության հետ պայմանագիր է ստորագրել T-70 բազմանշանակ ուղղաթիռի S-70i Black Hawk թուրքական տարբերակի 109 ուղղաթիռի համատեղ արտադրության ու մատակարարման մասին: Գործարքը գնահատվել է 3.5 միլիարդ դոլար:
Խոսքը գնում է բազային պայմանագրի մասին, որի համաձայն, Թուրքիան ընդհանուր առմամբ կարող է գնել մոտ 20 միլիարդ դոլարի 600 հատ T-70: Ուղղաթիռների առաջին խմբաքանակի մեծ մասը հատկացվելու է Ժանդարմերիային: Բացի այդ, տվյալ բազմանշանակ ուղղաթիռները հատկացվելու են Թուրքիայի ցամաքային զորքերին, ռազմաօդային ուժերին, ռազմածովային ուժերին և հատուկ նշանակության զորքերին:
Եվ վերջապես, T-70 պետք է ստանան նաև հրշեջ ծառայությունն ու անվտանգության վարչությունը: Հայտնի չէ, թե երբ պետք է սկսվի առաջին ուղղաթիռների մատակարարումը: Թուրքիան ամերիկյան ուղղաթիռներն ընտրել է 2011 թվականի մրցույթի արդյունքներով:
Դրան մասնակցել է նաև իտալական AgustaWestland ընկերությունը՝ առաջարկելով TUHP149 ռազմական ուղղաթիռները՝ ստեղծված AW149 բազայի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուղղաթիռների համատեղ արտադրությունը ծավալվելու է թուրքական TUCAS ձեռնարկության բազայի վրա:
T-70-ն իրենից ներկայացնում է S-70 բազմանշանակ ուղղաթիռի փոփոխված տարբերակ՝ ստեղծված հատուկ Թուրքիայի համար: Ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 295 կմ/ժամ արագություն և թռիչքներ իրագործել մինչև 2200 կիլոմետր հեռավորության վրա, այն նախատեսված է 11 զինվոր կամ մինչև 4 տոննա բեռ տեղափոխելու համար: Ուղղաթիռը սպառազինված է ղեկավարվող ու չղեկավարվող հրթիռներով, հրանոթներով ու գնդացիրներով: