
Տիմոշենկոն իր թեկնածությունն առաջադրելու է առաջիկա նախագահական ընտրություններում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով երեկ ազատվել է կալանավայրից, հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է Ուկրաինայում կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին, որոնք նշանակված են մայիսի 25-ին:
Տիմոշենկոն այս մասին հայտարարել է Խարկովից Կիև մեկնելու ժամանակ լրագրողների հետ ունեցած զրույցում: Պատասխանելով հետագա քայլերի վերաբերյալ հարցին` Տիմոշենկոն ընդգծել է, որ գնում է «Մայդան»` հավելելով, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին:
Ուկրաինայի խորհրդարանը երեկ ընդունել է այնպիսի որոշում, որը հնարավորություն է տվել քրեական պատժից ազատել Տիմոշենկոյին: Այդ որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի դահլիճում ներկա 331 պատգամավորից 322-ը: Սակայն համապատասխան օրենքը չի ստորագրել նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Տիմոշենկոն «Մայդանի» բեմից հայտարարել է, որ անհրաժեշտ է Վիկտոր Յանուկովիչին բերել «Մայդան»: