Բաժիններ՝

ԱԶԲ մոնիթորինգի խումբը գոհ չէ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրի իրականացումից

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մոնիթորինգի ՀԿ-ների ֆորումի աշխատանքային խումբը բոլորովին գոհ չէ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի իրականացումից: Ինչպես 168.am-ին հայտնեց խմբի ղեկավար Սիլվա Ադամյանը, մինչ օրս Երևան-Արարատ և Երևան-Արտաշատ հատվածներում ընդամենը 15-20 կմ երկարությամբ ճանապարհ է կառուցվել, տեխնիկան կանգնած է և գործն առաջ չի գնում: Ըստ նրա՝ մոտ 15 կմ ճանապարհ էլ պատրաստ է Մեղրիի կողմից, ընդհանուր ծախսվել է մոտ 1 մլրդ դոլար, սակայն այս ժամանակաշրջանում պետք է պատրաստ լիներ ճանապարհի ողջ երկարության (Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհը՝ 556 կմ) առնվազն կեսը:

Ընդ որում՝ դեռ անցած տարի, երբ Վերահսկիչ պալատաը մի շարք խախտումներ ու թերացումներ բացահայտեց ծրագրի իրականացման աշխատանքներում, ապա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Արա Հովսեփյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հավաստիացրել էր, որ մինչև տարվա ավերջ կկառուցվի շուրջ 100 կմ ճանապարհ և ամեն ինչ կկարգավորվի:

Ս.Ադամյանը նշեց, որ շուտով իրավիճակի վերաբերյալ զեկույց են ներկայացնելու Ասիական զարգացման բանկի գլխամասային կառույցին, որտեղ նշվելու է, որ ծրագրի իրականացումը նորմալ չի ընթանում, բանկի տեղական ներկայացուցչությունը չի վերահսկում և նաև այն մասին, որ բանկը չի աշխատում հանրության հետ, մասնավորապես նախկինում տարեկան ռազմավարությունները քննարկվում էին հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ, իսկ ավերջին 2 տարում իրենց անտեսում են:

«3 տարի լռել հնարավոր չէ, ըստ ամենայնի համաձայնության են եկել: Ես կարծում եմ, որ բանկը լիովին տեղյակ է, թե ինչ է կատարվում: Այստեղ շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր կան»,- նշեց Ս.Ադամյանը:

Նա տեղեկացրեց, որ Ասիական զարգացման բանկը նույն գործելաոճն է ցուցաբերում բոլոր երրորդ երկրներում՝ թե Միջինի Ասիայում, թե Հնդկաստանում, թե´ Շրի Լանկայում, ԱԶԲ կողմից ֆինանսավորվող ծրագրերը նույն անմխիթար վիճակում են, մեծ թերություններով են իրականացվում և խոսքը միլիարդավոր դոլարների շրջանառության մասին է, թեև բանկի մանդատում գրված է, որ ԱԶԲ-ն պայքարում է աղքատության դեմ:

«Մեզ մտահոգում է ոչ միայն Հյուսիս-Հարավի ծրագիրը, այլ նաև Երևանով անցնող ճանապարհի կառուցման ծրագիրը, որի հանրային լսումները պարզապես խայտառակություն էին: Ուզում են նույն կերպով առաջ տանել, Էկոլոգիական դաշինի անունը գրում են մասնակիցների ցուցակում, բայց մեզ չեն հրավիրում լսումների: Նույն կոտրած տաշտակի առաջ ենք հայտնվում: Արտաշատում մեծ քանակությամբ այգի է հատվել, բնապահպանական մեծ խնդիրներ կան, Հրազդանի կիրճում Կարմիր գրքում ընգրկված չղջիկների քարանձավ կա, որ ոչնչացման վտանգի տակ է, բայց ծրագրում ոչ մի լուծում չի առաջարկվում: ԱԶԲ-ի նույն ոճն է»,- ասաց Ս.Ադամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս