
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը շահագործման կհանձնվի 2015 թվականի կեսին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությաքն փոխանցմամբ` Ադրբեջանն ու Թուրքիան երկաթուղային ճանապարհով միմյանց միացնող «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու գործարկումը հնարավոր կլինի 2015 թվականի կեսին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության «Ազերօյլսերվիս» ընկերության ղեկավար Ջավադ Ղուրբանովը:
Նրա խոսքերով` երկաթուղին շահագործման հանձնելը ձգձգվել է Վրաստանում կառավարության փոփոխման ու կառուցվածքային վերափոխումների պատճառով. «Դա մասնավորապես առնչվել է թուրք-վրացական սահմանին 4.2 կիլոմետր երկարությամբ (2.2 կիլոմետրը բաժին է ընկնում Թուրքիայի տարածքին) երկաթուղային թունելի կառուցմանը:
Չնայած նրան, որ Թուրքիայի տարածքում արդեն իսկ ավարտվել են այդ թունելի կառուցման աշխատանքները` Վրաստանում այդ աշխատանքները դեռ նոր են մեկնարկել, և արդեն իսկ պատրաստ է թունելի 70 մետրանոց մի հատված: Պլանավորված է այս տարեվերջին ԲԹԿ-ով փորձնական գնացք Ադրբեջանից ուղարկել դեպի թուրք-վրացական սահման»:
Նշվում է, որ առաջին փուլում ԲԹԿ-ը տարեկան կփոխադրի 1 միլիոն ուղևորի ու 6.5 միլիոն տոննա բեռ: Հետագայում ԲԹԿ-ն ունակ կլինի տարեկան փոխադրել 15-17 միլիոն տոննա բեռ: