Բասկ զինյալները սկսել են զինաթափվել
BBC News-ի փոխանցմամբ` բասկյան անջատողական ETA խմբավորումը համաձայնվել է հրաժարվել իր զինանոցի մի մասի օգտագործումից: Խմբավորման մասնակի զինաթափման փաստը հաստատել են Ամստերդամում բազավորված Միջազգային ստուգիչ հանձնաժողովի անդամները:
ETA-ի գաղտնի բազայում նկարված տեսանյութում երևում է, որ խմբավորման երկու զինյալ ցուցադրում են հրացաններ, ատրճանակներ ու պայթուցիկներ, որոնց կիրառումից որոշվել է հրաժարվել: Միևնույն ժամանակ անհայտ է, թե դեռ որչափ զենք է մնում անջատողականների ձեռքում:
Նշվում է, որ Մադրիդի կառավարությունը չի ճանաչում Միջազգային ստուգիչ հանձնաժողովի գործունեությունը, որի մեջ մտնում են նախկին դիվանագետներ ու քաղաքական գործիչներ, որոնք հուսով են, որ վերջ կտրվի իսպանական իշխանությունների ու բասկերի միջև բազմամյա հակամարտությանը:
ETA-ի զինյալների իրականացրած ահաբեկչությունների ու հարձակումների հետևանքով Իսպանիայում զոհվել է ավելի քան 800 մարդ: