Պիոնտկովսկի. «Սերժ Սարգսյանը ստիպված այդ քայլն արեց, քանի որ Հայաստանին շանտաժի էին ենթարկել». «Ժամանակ»
«Ժամանակի» զրուցակիցն է ռուս հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին: Ներկայացնում են հատվածներ հարցազրույցից։
– Պարոն Պիոնտկովսկի, ուկրաինական մամուլում պնդումներ կան, որ Ուկրաինայում շուրջ երեք ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամը սրվել է ռուսական միջամտության արդյունքում, որոնց նպատակն է վերջնականապես ծնկի բերել Ուկրաինան ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու ճանապարհին: Որքանո՞վ եք հիմնավոր համարում այս խոսակցությունները:
– Միանգամայն համաձայն եմ: Մենք տեսել ենք, որ Ուկրաինայում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ կոնսենսուս կար՝ դրան էր ձգտում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ հասարակությունը, իսկ Պուտինը պարզապես Յանուկովիչի ձեռքերը ոլորեց, ինչպես երևում է՝ օգտագործելով անձնական սպառնալիքներ և շանտաժ տնտեսական որոշ ծրագրերում համագործակցության սահմանափակման և ծավալների կրճատման վերաբերյալ: Մասնավորապես, խոսքն ավիաշինարարության, տիեզերական ոլորտի մասին է, որոնք անհրաժեշտ են նաև Ռուսաստանին, և այս ոլորտներում համագործակցության կրճատմամբ հնարավոր եղավ ծնկի բերել Ուկրաինան: Այն, ինչ արվել է դրանից հետո, եղել է շարունակությունն այն քաղաքականության, որը ուղղված է եղել ոչ թե Եվրոպայի հետ Ուկրաինայի կնքելիք համաձայնագրի խափանմանը, այլ այն տնտեսական մոդելի խափանմանը, որով Ուկրաինան կապված էր ԵՄ-ին, որովհետև Ուկրաինայի հաջողությունն այս ճանապարհին շատ ոգևորիչ օրինակ կլիներ ռուս ազգի համար, որին կհետևեր նաև պուտինյան ղեկավարության տապալումը: Պուտինը բավականին ռացիոնալ է՝ հասկանալու համար, որ ողջ Ուկրաինան չի կարող կուլ տալ: Արևմտյան Ուկրաինան, ինչպես հիշում ենք, կռվել է Ստալինի հետ մինչ նրա մահը, ուստի այն, ինչ այսօր անում է Ռուսաստանը, ուղղված է Ուկրաինայի պառակտմանը ու Արևելյան Ուկրաինայում ռուսական դոմինանտության հաստատմանը և որպես ամենամինիմալ ծրագիր՝ Ղրիմի անեքսիային: Պատահական չէ, որ այսօր ղրիմյան տեղական իշխանությունները Ղրիմի խորհրդարանի արտակարգ նիստի ընթացքում հայտարարեցին, որ քննարկելու են Ղրիմի անջատման հարցը: Ակնհայտ է, որ դա իրականացվում է Մոսկվայի հորդորով: Այսօր Ռուսաստանը գնում է Ուկրաինայի պառակտմանը:
– Դուք տեսնո՞ւմ եք Ուկրաինայում ստեղծված իրավիճակի դրական ելք, և ի՞նչ պետք է անեն ԵՄ-ն և ԱՄՆ-ը:
– ԵՄ-ն բավականին թոշնած դիրքորոշում ունի, վախենում է սրել հարաբերությունները Պուտինի հետ: Ես կարծում եմ, որ ելքը գտնելու է Ուկրաինայի հասարակությունը, և վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ Յանուկովիչը սկսում է նահանջել: Սրա վառ ապացույցն է նաև այն, որ բիզնես-միջավայրը թռիչքներով դուրս է գալիս Ուկրաինայից դեպի Դոնեցկ:
– Ուկրաինական զարգացումներից հետո արդարացված չէ՞ արդյոք Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին անդամակցելու որոշումը:
– Այդ զարգացումները հենց հակառակի մասին են վկայում: Այս զարգացումները ցույց են տալիս, թե հասարակության շրջանում ինչ ատելություն առաջացրեց Յանուկովիչի՝ ԱՀ-ից հրաժարվելու քայլը: Բոլորին է ակնհայտ՝ այն քայլը, որն արեց ՀՀ նախագահը, ստիպված քայլ էր, քանի որ Հայաստանին շանտաժի էին ենթարկել հայ-ադրբեջանական հնարավոր հակամարտության ժամանակ ռազմական աջակցության բացակայությամբ: Սա հայերի դատելու հարցն է, բայց ինքնին այս որոշումը ոչ մի դրական բան չի տալու Հայաստանին: Եթե հաշվի առնենք ռուսական սպառնալիքները, միգուցե մտածենք, որ այդ քայլը գիտակցված էր, բայց ընդգծում եմ՝ այն ստիպված քայլ էր:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։