
Սիրիան առաջարկել է երկարաձգել քիմիական զենքի դուրս բերման ժամկետը

Լիբանանյան The Daily Star պարբերականի փոխանցմամբ` Սիրիայի իշխանությունները Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը (OPCW) ներկայացրել են քիմիական զենքի ոչնչացման նոր պլան: Դրա համաձայն, Սիրիայից քիմիական զենքի դուրս բերման ժամկետը երկարաձգվում է մինչև 100 օրվա:
Նոր պլանը ներկայացվեց այն բանից հետո, ինչ Սիրիան չկարողացավ սահմանված ժամկետում (մինչև փետրվարի 5-ը) ավարտել քիմիական զենքի դուրս բերման գործընթացը: Սիրիայի իշխանությունների ներկայացրած նոր պլանով նախատեսվում է այդ գործընթացն իրականացնել 100 օրվա ընթացքում, այսինքն մինչև մայիսի վերջ:
OPCW-ը, սակայն, դեռ հավանության չի արժանացրել այդ պլանը, քանի որ կարծում է, որ 100-օրյա ժամկետը հնարավորություն չի տա Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնել մինչև հունիսի վերջ, ինչպես որ պլանավորվել էր ի սկզբանե: Աղբյուրները հայտնում են, որ OPCW-ը Սիրիայի իշխանություններին առաջարկում է քիմիական զենքի դուրս բերման գործընթացն ավարտել մինչև մարտի վերջ: