
Վրաստանը «Շահ Դենիզ 2»-ի շրջանակներում տարեկան կստանա 1 միլիարդ խորանարդ մետր գազ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանը «Շահ Դենիզ 2» նախագծի շրջանակներում տարեկան ստանալու է մոտ 1 միլիարդ խորանարդ մետր գազ: Այս մասին էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն:
Նա ընդգծել է, որ «Շահ Դենիզ 2» նախագծի իրագործումը մեկնարկելու է 2014 թվականին, ինչն իրենց հնարավորություն կտա տվյալ խողովակաշարի («Բաքու-Թբիլիսի-Էրզրում») թողունակությունը մեծացնել 16 միլիարդ խորանարդ մետրով. «Դա մեզ համար կարևոր է, քանի որ տարանցվող գազի հինգ տոկոսը մնալու է Վրաստանում, ինչը կազմում է մոտ մեկ միլիարդ խորաբնարդ մետր»:
«Շահ Դենիզ» նախագծի երկրորդ փուլի մշակումը Բաքվում արտոնվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին: Ակնկալվում է, որ «Շահ Դենիզ 2» նախագծի շրջանակներում գազի առաջին մատակարումները Թուրքիային կմեկնարկեն 2018 թվականին, իսկ Եվրոպային առաջին մատակարարումը տեղի կունենա 2019 թվականին:
Երկրորդ փուլում մատակարարվելիք գազի ծավալը կազմելու է 16 միլիոն խորանարդ մետր (առաջին փուլում` 9 միլիարդ խորանարդ մետր), որից 6 միլիարդ խորանարդ մետրը բաժին է ընկնելու Թուրքիային, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդ մետրը` Եվրոպային: