
Ջոն Քերին շնորհավորել է ուկրաինական ընդդիմության առաջնորդներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ շնորհավորել է ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչներին` կապված նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ համաձայնության գալու հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նա մանրամասնել է, որ Քերին հեռախոսազրույցներ է ունեցել «Բատկիվշչինա» կուսակցության խմբակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկի և «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկի հետ, մինչդեռ ընդդիմության երրորդ առաջնորդ Վիտալի Կլիչկոն հասանելի չի եղել:
Բացի այդ, ուկրաինացի ընդդիմադիրների հետ զրուցել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը: Յանուկովիչն ու ընդդիմության առաջնորդները երեկ համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ, որը նախատեսում է 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ, ժողովրդական միասնության կառավարության ձևավորում և մինչև ընթացիկ տարեվերջ վաղաժամ նախագահական ընտրությունների անցկացում: