«Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարից օգտվելը համապատասխանում է Ադրբեջանի շահերին. Ալիև

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարով նավթի փոխադրման վերականգնումը համապատասխանում է Ադրբեջանի շահերին՝ ծառայելով արտահանման երթուղիների դիվերսիֆիկացմանը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը: Նա ընդգծել է, որ «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» նավթահանքերում արդյունահանվող նավթն արտահանվում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) և «Բաքու-Սուփսա» (Վրաստան) նավթամուղերով, իսկ «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով կարտահանվի մյուս նավթահանքերի նավթը.

«Յուրաքանչյուր երկիր ձգտում է դիվերսիֆիկացնել նավթի մատակարարման երթուղիները, և այդ տեսանկյունից «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով  նավթի մատակարարման վերականգնումը համապատասխանում է Ադրբեջանի շահերին:

Կանխատեսվում է, որ այս տարի Ադրբեջանում կարդյունահանվի 43 միլիոն տոննա նավթ: Ադրբեջանի հիմնական նպատակը նավթի արդյունահանման մակարդակը կայուն ձևով 40-45 միլիոն տոննայի սահմանում պահելն է, և դրա համար իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Ինչ վերաբերում է գազի արդյունահանմանը, ապա Ադրբեջանն այդ հարցում հասել է մեծ հաջողությունների և նախորդ տարի արդյունահանել է 29 միլիարդ խորանարդ մետր գազ: Հետագա տարիներին այդ ցուցանիշը շարունակ աճելու է»:

Տեսանյութեր

Լրահոս