
Վրաստանի խորհրդարանը քվեարկել է վրացի զինծառայողներին Մալի գործուղելու օգտին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը քվեարկել է Մալիում ԵՄ-ի ռազմական առաքելությանը վրացի զինծառայողների մասնակցության օգտին: Տվյալ որոշման օգտին քվեարկել է 106 պատգամավոր, դեմ է արտահայտվել միայն մեկ պատգամավոր:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ օրինագիծը հաստատման համար ներկայացվել է երկրի նախագահին: Ուսուպաշվիլին հաջողություններ և խաղաղ վերադարձ է մաղթել վրացի զինծառայողներին Մալիում ռազմական առաքելությանը մասնակցելու հարցում:
Նշվում է, որ վրացի զինծառայողներին Մալի ուղարկելու նախաձեռնությամբ այսօր երկրի խորհրդարանում ունեցած ելույթում հանդես է եկել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նա կողմ է արտահայտվել նաև ԿԱՀ-ում ԵՄ-ի խաղաղապահ առաքելությանը վրացական զինվորական կոնտինգենտի մասնակցությանը:
Մարգվելաշվիլին խորհրդարանին կոչ է արել աջակցել նաև այդ նախաձեռնությանը: Սրանից առաջ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ Վրաստանը որոշել է մեկ վաշտով մասնակցել ԿԱՀ-ում տարվող ԵՄ-ի ռազմական առաքելությանը: