
Ռուսաստանի հետ երկխոսությունում առկա է որոշակի առաջընթաց. Մարգվելաշվիլի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունում առկա է որոշակի առաջընթաց: Այս մասին նա հայտարարել է Վրաստանի խորհրդարանում, ուր տարեկան զեկույց է ներկայացրել երկրում տիրող իրավիճակի մասին.
«Մենք նոր ձևաչափ ենք բացել Ռուսաստանի հետ երկխոսությունում, որում խոսքը գնում է տնտեսական ու մշակութային հարցերի մասին: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի հետ այդ երկխոսությունում գրանցվել է որոշակի առաջընթաց»:
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականին, Ժնևի արվարձանում: Իսկ նախորդ տարի Պրահայում նրանք հանդիպել են 4 անգամ:
Նրանց հաջորդ հանդիպումը պլանավորված է մարտի 5-ին: Այդ հանդիպման ժամանակ քննարկվելու է Ռուսաստանի ու Վրաստանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստման հարցը: