Արդեն 9 ամիս է, ինչ մենք հանդիսանում ենք ներկայացման մասնակիցներ. Վանո Մերաբիշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին բոյկոտ է հայտարարել դատական նիստերին: Մերաբիշվիլին այդ մասին հայտարարել է 2011 թվականի մայիսի 26-ի դեպքերի գործով հարցաքննության ժամանակ՝ ընդգծելով, որ այլևս ներկա չի գտնվելու դատական նստերին:
Մերաբիշվիլին հավելել է, որ համաձայնվել է մասնակցել «ներկայացմանը» միայն նրա համար, որպեսզի տեսնի իր ընտանիքին ու մերձավորներին: Մերաբիշվիլին հայտարարել է, որ իր իրավունքները խախտվում են նաև բանտում, սակայն պայքարելու է իր իրավունքների համար.
«Արդեն 9 ամիս է, ինչ մենք հանդիսանում ենք ներկայացման մասնակիցներ, որում դատավորները, փաստաբանները, դատախազները և ես՝ որպես ամբաստանյալ, ունենք մեր դերերը: Այս սրահում որևէ դերակատարություն չունեն իմ ընկերները, հարազատներն ու ընտանիքի անդամները, որոնք կարծում են, որ ապացույցներն ու ցուցմունքները կփոխեն ինչ-որ բան: Դրանք միամիտ սպասումներ են»:
2011 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիի կենտրոնում բռնի ցրել են ընդդիմության հանրահավաքը: Մերաբիշվիլին տվյալ ժամանակ ՆԳՆ-ի ղեկավարն էր, և այժմ մեղադրվում է իր լիազորությունները չարաշահելու մեջ: Օրեր առաջ Մերաբիշվիլիին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման՝ կապված կեղծ աշխատատեղեր ստեղծելու և պետական միջոցները վատնելու ու յուրացնելու հետ: