
Հասան Ռոուհանին կապի նախարարին նշանակել է Թուրքիայի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ

Իրանական Fars լրատվական գորածակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկրի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վազեիին նշանակել է Թուրքիայի հարցերով իր հատուկ ներկայացուցչի պաշտոնում:
Դրա հետ կապված՝ Ռոուհանին պաշտոնական նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, որում Վաեզիին ներկայացրել է որպես Թուրքիայի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ:
Իր ուղերձում Ռոուհանին ընդգծել է, որ Թուրքիայի հարցերով Իրանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնի ստեղծումն ակնհայտորեն վկայում է երկու երկրների հարաբերությունների մակարդակը բարձրացնելու հարցում Իրանի կառավարության շահագրգռվածության մասին:
Ավելի վաղ Մահմուդ Վաեզին նշանակվել էր Թուրք-իրանական տնտեսական հանձնաժողովի համանախագահի պաշտոնում: 2013 թվականին Իրանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 20 միլիարդ դոլար, իսկ 2012 թվականին՝ 22 միլիարդ դոլար: Կողմերը պլանավորել են 2015 թվականին այդ ցուցանիշը հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի: