Փետրվարի 24-ին Սոչիում տեղի կունենա Տիգրան Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 24-ին Սոչիում տեղի է ունենալու Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր.
«Դմիտրի Մեդվեդևն ու Տիգրան Սարգսյանը քննարկելու են երկկողմ համագործակցության այժմեական հարցեր, որոնք առնչվում են առևտրա-տնտեսական ու ներդրումային ոլորտներին՝ ներառյալ, էներգետիկ, արդյունաբերական ու ենթակառուցվածքային ոլորտներում համատեղ նախագծերը: Բացի այդ, պլանավորված է դիտարկել եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի մասնակցության հարցերը»:
Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերին հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու իր մտադրության մասին: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում: