Քաղաքական դիրքորոշումը՝ սկանդալի պատճա՞ռ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. Ըստ թերթի տեղեկությունների՝ ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում: Պատճառը դարձյալ համացանցում արտահայտված քաղաքական դիրքորոշումն է: ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը վերջերս համացանցում միացել է «Խնդրում ենք վերադարձեք, պարոն Քոչարյան» նախաձեռնությանը՝ ուղարկելով իր լուսանկարն ու տվյալները: Բացի այդ՝ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող և հակահանրապետական քարոզչություն է իրականացրել: ՀՀԿ-ի որջը դարձած ԵՊՀ ղեկավարության համար սա արդեն բավարար է, որպեսզի Ղարիբյանին «պատժեն»: Եվ դա արել են նախևառաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խիստ «զգուշացումով», որ նման խմբավորումները համալսարանում կարող են անդառնալի հետևանքներ ունենալ: Ա. Սիմոնյանը «Ժողովուրդի» հետ զրույցում, խոսելով այս մասին, ասաց. «Դա սարքած է, ու արդեն գիտենք, թե ովքեր են սարքել… Ա. Ղարիբյանը քաղաքական որևէ գործունեությամբ չի զբաղվում, այն ուղղված է համալսարանի ղեկավարության դեմ»: Նա առայժմ անուններ չհայտնեց։ «Ժողովուրդը» նաև զրուցել է ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի հետ։ Ներկայացնում ենք հատված զրույցից։
– Պարոն Ղարիբյան, փաստորեն, Դուք ցանկանում եք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա, ու ու անգամ միացել եք նախաձեռնությա՞նը։
– Չարախոսները փորձում են իմ անձի հետ կապված վարկաբեկիչ նյութեր տարածել։ Անլուրջ է, քանի որ ես, բուհի պաշտոնյա լինելով, ընդհանրապես քաղաքականության հետ գործ չունեմ։ Թե ովքեր են սպասում (նկատի Ռ. Քոչարյանին.- հեղ.), ես չգիտեմ… գիտեմ փոխարենը, որ իրենց հանրապետական համարող շատ ընկերներ, ովքեր ներգրավված են կառավարության անձնակազմում, զբաղված են զազրախոսությամբ, փոխանակ զբաղվեն իրենց աշխատանքով։ Ես կուզեի, որ այդ չարախոսություններին վերջ դնեին ու պետականությանը նպաստող գործունեությամբ զբաղվեին։
Մանրամասները՝ «Ժողովորդի» այսօրվա համարում։