Թուրքիայի զինված ուժերն այսօր կստանան առաջին AWACS-ը, որը կհետևի նաև Հայաստանի հետ սահմանին
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ այսօր 7-ամյա ուշացումով Թուրքիայի զինված ուժերին հանձնվում է առաջին AWACS հետախուզական ինքնաթիռը: Թուրքիան 2003 թվականին ամերիկյան Boeing ընկերությանը պատվիրել էր 4 AWACS՝ վճարելով 637 միլիոն դոլարի կանխավճար:
Գործարքը գնահատվել է 1 միլիարդ և 385 միլիոն դոլար: AWACS-ների մատակարարումն ուշացնելու համար Թուրքիան Boeing-ին տուգանել է 183 միլիոն դոլարով՝ ամերիկյան ընկերությանն առաջարկելով գումարի փոխարեն մատուցել հավելյալ ծառայություններ:
Մասնավորապես, Թուրքիայի ՊՆ-ը Boeing-ին առաջարկել է տեխնիկական աջակցության ժամկետը սկզբնական շրջանում պլանավորված 2 տարուց հասցնել մինչև 5 տարվա, ինչպես նաև մատակարարել 32 միլիոն դոլարի պահեստամասեր: Առաջին AWACS-ը Թուրքիա է ժամանել միայն այս տարվա հունվարի վերջին:
AWACS-ը կհետևի Թուրքիայի օդային տիրույթին այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են ողջ Սև ծովը, Եվրոպայի հետ սահմանը, Իրանի, Իրաքի, Սիրիայի ու Հայաստանի հետ սահմանները: Ինքնաթիռն ունակ է 10 ժամ տևողությամբ թռիչքի շրջանակներում իր ռադարներով դիտարկել 4 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք:
Այն ի վիճակի է օդում անընդմեջ մնալ 10 ժամ, իսկ օդային լիցքավորման դեպքում՝ դա կհասցվի 24 ժամի: Awacs ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է 10 հոգուց, ինքնաթիռի թռիչքի առավելագույն հեռահարությունը՝ 7000 կիլոմետր, արագությունը՝ 850 կմ/ժամ, դիտարկման (վերահսկման) շառավիղը՝ 350 կիլոմետր՝ 360 աստիճանով թեքվելու հնարավորությամբ:
Ինքնաթիռների մատակարարման 7-ամյա ձգձգումը կապված է եղել դրանց հավաքման ու փորձարկման ժամանակ ծագած տեխնիկական անսարքությունների հետ: Մասնավորապես, Boeing-ը խնդիրներ էր ունեցել ռադիոտեղորոշիչ կայանը և ռազմական սպառազինության մյուս համակարգերը միասնական հարթակում ինտեգրելու ժամանակ: Ակնկալվում է, որ Boeing ընկերությունն այս տարի թուրքական կողմին կհանձնի ևս երկու AWACS: