
ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել կատարել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը երեկ խորին մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հասարակական կազմակերպությունների (ՀԿ) մասին օրենքում նոր ուղղումներ կատարելու կապակցությամբ, որոնք առնչվում են դրանց գրանցմանը, տուգանքներին ու ֆինանսավորմանը:
Վաշինգտոնը Բաքվին նաև քաղաքացիական հասարակության, ԵԱՀԿ-ի նախագծերի կոորդինատորի ու միջազգային փորձագետներին կոչ է արել սկսել երկարաժամկետ քննարկումներ՝ պետական քաղաքականությունը միջազգային իրավունքի նորմերին համապատասխանեցնելու շուրջ:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բերը երեկ Վիեննայում տեղի ունեցած Մշտական խորհրդի նիստում հայտարարել է, որ տագնապահարույց են Ադրբեջանի օրենսդրությունում կատարված փոփողխությունները և քաղաքացիական հասարակության ու ընդդիմադիր ակտիվիստների վրա ճնշումների գործադրումը:
Ադրբեջանի խորհրդարանը նախորդ տարեվերջին ընդունել էր ՀԿ-ների ֆինանսավորումն ավելի սահմանափակելու մասին օրենքը, ինչն այս ամիս հաստատվել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:
Բերն ընդգծել է, որ այդ ուղղումներն էլ ավելի են սահմանափակել ազատ ու անկախ քաղաքացիական հասարակության տիրույթը և հակասում են ԵԱՀԿ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին: Բերն Իլհամ Ալիևին կոչ է արել կատարել ԵԱՀԿ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները: