
Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալը հրաժարական է տվել

Ուկրաինական LB.ua պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Դումանսկին հրաժարական է տվել: Նա ընդգծել է, որ համաձայն չէ նրա հետ, որ զինվորականներին ներքաշում են քաղաքացիական հակամարտության մեջ, ինչը կարող է հանգեցնել թե՛զինվորականների, թե՛ խաղաղ քաղաքացիների զոհվելուն.
«Դա իմ սեփական նախաձեռնությունն է՝ որպես քաղաքացի, սպա, ղեկավար, ով պատասխանատու է իր ստորադասների համար»: Դումանսկին հավելել է, որ փորձել է իր կարծիքը հասցնել Պաշտպանության նախարար Պավել Լեբեդևին, սակայն իրավիճակն այնպես է դասավորվել, որ որոշել է հրաժարական տալ. «Ներկայիս ղեկավարությունն ունի իր դիրքորոշումը և անում է այն, ինչ անում է»:
Նշվում է, որ նախօրեին զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր Գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Զամանան, ով դարձել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ, իսկ նրան փոխարինել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Յուրի Իլյինը: