
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղյալ հայտարարել Օբամայի ու Դալայ լամայի հանդիպումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պեկինը կարծում է, որ այսօր պլանավորված ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու արտաքսման մեջ գտնվող Տիբեթի բուդդայականների առաջնորդ Դալայ լամայի հանդիպումը հանդիսանում է Չինաստանի ներքին գործերին միջամտություն և ԱՄՆ-ին կոչ է անում չեղյալ հայտարարել այդ հանդիպումը:
Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը: Օբաման պլանավորել է Դալայ լամայի հետ հանդիպել Սպիտակ տանը: Նրանց նախորդ հանդիպումները տեղի են ունեցել 2010 թվականի փետրվարին և 2011 թվականի հուլիսին, որոնք նույնպես հարուցել են Չինաստանի իշխանությունների դժգոհությունը:
Չինաստանը Հնդկաստանում բնակվող Դալայ լամային մեղադրում է Տիբեթը Չինաստանից անջատելու ձգտման մեջ և օտար երկրների առաջնորդներին կոչ է անում հարգանք ցուցաբերել Չինաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և չհանդիպել բուդդայական առաջնորդի հետ: