
Սիրիացի փախստականների քանակը մինչև այս տարեվերջ կարող է հասնել 4 միլիոն մարդու. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարևան երկրներում սիրիացի փախստականների քանակը մինչև այս տարեվերջ կարող է հասնել 4 միլիոն մարդ, ինչը գործնականում կրկնակի կգերազանցի ներկայիս ցուցանիշը:
Այս մասին ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը: Վերջինիս խոսքերով՝ ի հավելումն այդ ամենին, ներկա դրությամբ Սիրիայում հաշվվում է 6 միլիոն ներքին տեղահանված, իսկ բնակչության կեսից ավելին ունի մարդասիրական օգնության կարիք՝ գոյատևելու համար:
Գուտերեշն ընդգծել է, որ հակամարտության հետևանքով Սիրիայից արդեն իսկ փախել է 2.5 միլիոն մարդ, որոնց մեծ մասը հանգրվանել է Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում, Իրաքում ու Եգիպտոսում, ինչը ծանր բեռ է հանդիսացել տվյալ երկրների տնտեսությունների համար:
Հանձնակատարը, որպես դրա վառ օրինակ, նշել է, որ 4 միլիոն բնակչությամբ Լիբանանում սիրիացի փախստականների քանակը հասել է 1 միլիոնի, ինչը համամասնական համեմատությամբ հավասարազոր կլինի ԱՄՆ-ում 70 միլիոն կամ Ֆրանսիայում 15 միլիոն փախստականի առկայությանը: