Գ. Սահակյանը՝ պատերազմի ժամանակ Ս. Ալեքսանյանի մասնակցության մասին. Բա էդ զենքը որ առնում էինք, վառոդը որ առնում էինք, բա էդ որտեղի՞ց էր գալիս (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ զարմանում է՝ լսելով ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «կռված տղա» լինելու մասին լուրերը:

Պատասխանելով 168.am-ի հարցին, թե որտե՞ղ է կռվել Սամվել Ալեքսանյանը, որ դրա համար նրան արժանացրել են ԵԿՄ անդամ դառնալու պատվին, Գալուստ Սահակյանը զարմացավ. «Ո՞վ է ասում կռված տղա է, ես նման արտահայտություն չեմ լսել, բայց որ պատերազմի ժամանակ մեծ ներդրում է ունեցել, դրա մասին տեղյակ եմ»:

Մեր հարցին, թե ի՞նչ տիպի ներդրում է ունեցել Ս. Ալեքսանյանը, Գ. Սահակյանը պատասխանեց. «Բա էդ զենքը որ առնում էինք, վառոդը որ առնում էինք, բա էդ որտեղի՞ց էր գալիս»:

Այսինքն՝ Ս. Ալեքսանյանն է վառոդն ու զենքը բերել՝ հարցրինք Գ. Սահակյանին: Ի պատասխան նա ասաց. «Դե բա, իհարկե, կարող է պատահի պետբյուջեում էնքան փող կար, որ մենք… Այդ ժամանակ, որ պատերազմում էինք, 30-50 մլրդ բյուջե ունեինք: Էդ բյուջեով դու պատերազմ չէիր կարող անել: Նրանք, ովքեր ձեռներեցությամբ զբացվեցին, իսկ դրանց թիվը շատ-շատ է, դարձան…»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե ԼՂՀ ինքնապաշտպանության հիմնադիրներից, «Կոռնիձոր» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար Արա Խուդավերդյանը News.am-ին ասել է, որ այն ժամանակ, երբ «տղերքը կռվում էին, Սամվել Ալեքսանյանը Մեղրիում պեսոկի բիզնեսով էր զբաղված», Գալուստ Սահակյանն ասաց, թե մարդիկ ուզում են հարստանալ, բայց հարուստներին չեն սիրում, ուստի նման արտահայտություններ են անում:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությանը, թե Ս. Ալեքսանյանը Մեղրիում է կռվել, ինչի շուրջ դարձյալ տարբեր կարծիքներ հնչեցին, թե «ո՞ւմ դեմ» է կռվել այնտեղ, ապա Գալուստ Սահակյանն ասաց. «Ո՞ւմ դեմ պիտի կռվի: Կարո՞ղ է պատկերացնում եք, թե մեղրեցիների դեմ է կռվել, քո թշնամին ո՞վ եղել է, նրա դեմ կռվել է: Մեկը զենքով է կռվել, մեկը գործով է կռվել, մեկը իր աշխատանքն է կատարել, դուք էլ, ձեր ծնողներն էլ են կռվել, բոլորն են կռվել, ազգովի էինք կռվում: Մեկը կրակում էր, մեկը կրակն էր բերում, այնպես որ…»,- ասաց նա:

Այսինքն՝ Ս. Ալեքսանյանը «կրակը»՝ վառո՞դն է բերել՝ հարցին էլ Գ. Սահակյանն այսպես արձագանքեց. «Քանի ձեռքից ես վառվել, վառվել ու հուր ես դարձել»:

 

Տեսանյութեր

Լրահոս