
Վերջին օրերին Ուկրաինայի իշխող կուսակցությունը լքել է ավելի քան 10 պատգամավոր

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Գերագույն ռադայի ավելի քան 10 պատգամավոր վերջին օրերին լքել են իշխող Ռեգիոնների կուսակցությունը: Նրանց թվում են հայտնվել Իվան Բուշկոն, Միխայիլ Լանիոն, Վասիլի Կովաչը, Սերգեյ Մոշակը, Իշտվան Գայդոշը:
Ավելի վաղ իշխող կուսակցությունը լքել էին Յուրի Շապովալովը, Վիկտոր Բոնդարը, Յուրի Բլագոդիրը, Վլադիսլավ Ատրոշենկոն, Եվգենի Սիգալը և Ալեքսանդր Պրեսմանը:
Նրանք ընդգծել են, որ գնալով ընտրություններին՝ խոստացել են կենսամակարդակի, անվտանգության ու կայունության բարելավում, սակայն Ռեգիոնների կուսակցությունում կատարվող գործընթացներն իրենց զրկել են տված խոստումներն իրագործելու հնարավորությունից:
Նրանք նաև հայտարարել են, որ Ուկրաինայում իրագործվում են անելանելի սցենարներ, որոնք տանում են դեպի քաղաքացիական պատերազմ ու պետության փլուզում: Ռեգիոնների կուսակցության խմբակցությունը խոշորագույնն է Գերագույն ռադայում:
Նրան է բաժին ընկնում Գերագույն ռադայի 450 պատգամավորական մանդատներից 205-ը: Թեև նա ձևականորեն մեծամասնություն չի կազմում խորհրդարանում, սակայն նրան հավելյալ քվեներ ապահովում են կոմունիստներն ու անկախ պատգամավորները: