ՀԱԿ-ը կբոյկոտի՞ հանձնաժողովի դռնփակ նիստերը

Քիչ առաջ ացարտվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցող ոչ իշխանական չորս խմբակցությունների և կոալիցիոն ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների համատեղ խորհրդակցությունը: Խմբակցությունների ներկայացուցիչները ԱԺ նախագահի հետ միասին քննարկում էին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը: Բայց, ինչպես պարզ դարձավ, խմբակցութունները վերջնական համաձայնության այդպես էլ չեն եկել:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, պատասխանելով 168.am-ի հարցին, ասաց, որ Հանրապետականը հենց խորհրդակցության ժամանակ էականորեն փոխել է իր նախնական առաջարկների բովանդակությունը: Նրա փոխանցմամբ՝ իշխող մեծամասնության կողմից առաջարկվող հանձնաժողովը սահմանափակումներ ունի հրապարակայնության մասով:

«Հընթացս փոխել են առաջարկները, ոչ թե կասկածում ենք, որ փոխել են, այլ՝ գիտենք: Պարզվում է, որ հանձնաժողովը, ի տարբերություն ներկայացված առաջին նախագծի, էական սահմանափակումներ է մտցնում հրապարակայնության մասով: Այսինքն՝ նիստերը պետք է դռնփակ լինեն, ինֆորմացիայի տարածման հնարավորություն չպետք է լինի և այլն, և այլն: Սա քաղաքական բանակցությունների էթիկայի շատ լուրջ խախտում է՝ իրենք իրենց բերած առաջարկը փոխել են: Սա մի նորություն էր, անակնկալ, որ բերեցին մեզ դեմ տվեցին՝ առաջարկելով դռնփակ քննարկումներ: Իսկ ինձ համար ժամանակավոր հանձնաժողով նշանակում է բաց գործընթաց հասարակության, լրատվամիջոցների առաջ: Սա է ժողովրդավարությունը և եթե սա չի պահպանվում պետք է մտածենք՝ համաձայնելո՞ւ ենք, թե՞ ոչ»,- նշեց նա:

Հարցին՝ արդյոք այդ սահմանափակումը կարո՞ղ է հանձնաժողովի նիստերին չմասնակցելու, բոյկոտի պատճառ դառնալ, Լևոն Զուրաբյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ իրենք հարցը դեռ պետք է քննարկեն խմբակցությունում, ուստի այս պահին պատասխան չունեն իշխող մեծամասնությանը:

Կարդացեք նաև

«Հիմա մենք խմբակցությունում պետք է որոշենք՝ արդյոք, չնայած այս սահմանափակումներին, հանուն ուղղակի ճշմարտության հայթայթման, պատրա՞ստ ենք մտնել այս գործըթնացի մեջ, թե՞ ոչ»,- ասաց նա:

Լևոն Զուրաբյանը շեշտեց, որ իրենք համաձայնության կգային մեծամասնության հետ հանձնաժողովի ստեղծման հարցում, եթե ՀՀԿ-ն վերջին պահին չփոխեր նախագիծը:

Տեսանյութեր

Լրահոս