Պատգամավորը կոչ է անում ֆոնդ չընտրել ու վճարումներ չկատարել

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քաղաքացիներին հորդորում է կենսաթոշակային պարտադիր վճարումները չկատարել: Ի պատասխան այն հարցին, թե Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) և Ֆինանսների նախարարության հայտարարությունը (կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն) արհամարհական քայլ չէ՞ Սահմանադրական դատարանի որոշման նկատմամբ, նա հայտարարեց.

«Ես կոչ եմ անում մեր գործատուներին, աշխատակիցներին` որևէ փոխանցում չանել, ֆոնդի ոչ մի ընտրություն չիրականացնել: Եվ սրա համար որևէ պատասխանատվություն չի առաջանա»։ Նա ավելացրեց, որ այն, ինչ կառավարությունն, ի դեմս իր տարբեր կառույցների, իրականացնում է, ինքը գնահատում է` որպես հակաօրինական, հակասահմանադրական: Դիմելով գործատուներին` Ա. Մինասյանը խնդրեց աշխատակիցներից չգանձել կենսաթոշակային վճարներն ու այդ հարցով կոնֆլիկտի մեջ չմտնել նրանց հետ:

«Սա կառավարության և իշխանության հերթական հնարքն է` փորձել կոնֆլիկտը տեղափոխել գործատու-աշխատող հարաբերություններ, որպեսզի իրենք տաք բլիթներն ուտեն: Ես առաջարկում եմ, որ լինենք վճռական, որովհետև այս հարցում մեր հանդուրժողականությունն արդեն սպառվել է: Ամեն օր կառավարությունն ու իշխանության տարբեր օղակներ մի նոր հնարք են փորձում գտնել` ճնշելու, պարտադրելու հակաօրինական վարքագիծ»,- նկատեց նա:

Ա. Մինասյանը շեշտեց, որ չկա որևէ օրենք, որը ՍԴ որոշումից հետո կարող է պատասխանատվության ենթարկել այն գործատուին կամ քաղաքացուն, ով մինչև մարտի 28-ը չի կատարի պարտադիր կենսաթոշակային վճարները: Ինչ վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հայտարարությանը, թե գործատուների 99 տոկոսը պահումներ են կատարել, Ա. Մինասյանն ասաց, թե դա բացահայտ ապատեղեկատվություն է:

«Իրենք անցել են բացահայտ ապատեղեկատվության: Իրենք սկսել են նաև մանիպուլյացիաներ իրականացնել` բառախաղերով: Պահելն այլ բան է, հաշվարկելն այլ բան է, փոխանցելն այլ բան է: Իրենք փորձում են նաև այս բառերի մեջ մանիպուլյացիա իրականացնել: Անընդհատ փորձում են հասարակությանը ներկայացնել, թե համակարգն անխափան աշխատում է. դա այդպես չէ: Համակարգը չի կարող անխափան աշխատել, այդ համակարգն իր մեջ հակասություն ունի»,- նշեց ՀՅԴ պատգամավորը:

Ա. Մինասյանը նկատեց նաև, թե այն գործատուների միջոցով, ովքեր պահումներ են կատարել, կառավարությունը փորձում է այլ վարքագիծ ցուցաբերել: «Այս քայլով փորձում են դրդել, պարտադրել, որ այդ գործատուները կատարեն քայլը, և հետո ՍԴ-ում նույն կառավարությունը կանգնի ու հպարտորեն ասի, որ` տեսեք, թեև կասեցրել եք, գործատուները և աշխատակիցները կամավոր վարքագիծ են ցուցաբերում»,- ասաց նա:
Տ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս