Բաժիններ՝

Ձեռքդ հեռու տար փողիս վրայից

Եվ այսպես, ՀՀ ֆինանսների նախարարությունն ու Պետական եկամուտների կոմիտեն երեկ հանդես են եկել հիշեցմամբ, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն, և կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական հաշվին։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հունվար ամսվա վճարման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը։

Սա նշանակում է, որ ճնշումը շարունակվում է։ Նաև հերթական անգամ ապացուցում է այն տեսակետը, որ պետական գանձարանին «վիզ փող է պետք»։ Ինչպես տեսնում եք` կոչում չի հիշատակվում այն պատժամիջոցների մասին, որոնք կկիրառվեն պարտադիր 5%-ները չփոխանցելու դեպքում։ Այսինքն` փորձ է արվել կոչը կազմել հնարավորիս լղոզված, որպեսզի ՍԴ որոշման հետ հակասություններն այդքան էլ տեսանելի չլինեն։ Ու, չնայած սրան, այս կոչն իր մեջ սպառնալիք է պարունակում` ակնարկելով, որ այս պահանջին չհետևող գործատուները խախտում են օրենքը, ինչը պատասխանատվություն է ենթադրում։

Սակայն, չնայած այսօրինակ կոչ-հորդորներին` դեռևս մեծ հարցական է` 5%-ները չհաշվարկելու ու չպահելու համար գործատուները պատասխանատվության կենթարկվե՞ն, թե՞ ոչ։ Ճիշտ է, ԿԲ-ն, Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը հավաստիացնում են, որ Սահմանադրականի որոշումը գործատուներին չի ազատել այդ վճարները պահելու պարտականությունից, սակայն ՍԴ-ն հանդես է եկել պարզաբանմամբ` նշելով, որ ոչ ոք չի կարող նման պարտականություն դնել գործատուների ու աշխատողների վրա։

Կրկին հիշեցնենք ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի խոսքերը. «Որևէ գործատու, որևէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել»: Այնպես որ, պարզ չէ, թե մինչև մարտի 28-ը պետական մարմիններն իրավունք կունենա՞ն «անհնազանդներին» պատասխանատվության ենթարկել, թե՞ ոչ։ Դե, իսկ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի օրենքը, այս ընկերություններն ընդհանրապես խնդիրներ չեն ունենա։

Սակայն պարզվում է` «հնազանդ» ընկերություններն ավելի մեծ` կրկնակի վտանգի տակ են։ Այո, այն ընկերությունները, ովքեր պահումներ են արել իրենց աշխատողների աշխատավարձերից, կարող են շատ ավելի լուրջ խնդիրներ ունենալ` անկախ այն հանգամանքից, թե ինչ վճիռ կկայացնի ՍԴ-ն։

Տեսեք, թե երեկ ինչ է ասել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում. «Այսօրվա դրությամբ, ճնշող մեծամասնությունը` գործատուների 99 տոկոսը, հաշվարկել է այդ գումարները և պահումներ է կատարել: Համաձայն օրենսդրության` դրանից հետո նրանք պարտավոր են փոխանցել գումարը գանձապետարանում բացված միասնական հաշվին: Հարց է ծագում` եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները, չեն վճարել և չեն վճարելու այդ հաշվին, ապա ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ գործատուն իր աշխատակիցներից գումար է պահել և, կոպիտ ասած, այդ գումարների գծով տոկոս է աշխատում բանկերում, այն դեպքում, որ, եթե դրանք փոխանցված լինեն, այդ գումարները կստանան արդեն աշխատակիցները: Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության»:

Փորձենք հասկանալ այս ամենը։ Կա գործատուների 3 խումբ` 1. Ովքեր պահումներ չեն արել, 2. Ովքեր արել են ու փոխանցել գանձապետական հաշվին, և 3` ովքեր պահել են
5%-ները, սակայն ոչ մի տեղ չեն փոխանցել։

Առաջին խմբի դեպքում, ինչպես նշեցինք, պատասխանատվության պահը հարցական է` կամ կլինի, կամ ոչ։ Օրինակ` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ ՀՀ գործատուներին ու աշխատակիցներին կոչ է արել որևէ փոխանցում չանել, ֆոնդի ոչ մի ընտրություն չիրականացնել` հավաստիացնելով, որ սրա համար որևէ պատասխանատվություն չի առաջանա:

Երկրորդ խումբը խնդիրներ առայժմ չի ունենա։ Սակայն, եթե ՍԴ-ն օրենքը չեղյալ հայտարարի, ապա կհայտնվի բյուրոկրատական քաշքշուկի մեջ` հարկ կլինի ետ ստանալ գանձապետական հաշվին փոխանցած գումարները։ Իսկ մեր պետությունը, ինչպես գիտեք, գումարները սիրահոժար ընդունում է և մեծ դժվարությամբ վերադարձնում։

Իսկ երրորդ խումբը, ովքեր պահումները կատարել են և չեն փոխանցել գանձապետական հաշվին, խնդիրներ կունենան` անկախ ՍԴ որոշումից։ Որովհետև ենթադրվում է, որ օգտվել են առիթից և պահումներ կատարելով աշխատավարձերից` «ֆռռացրել են» այդ գումարները շահադիտական նպատակներով։ Հանուն արդարության` նշենք, որ այդ տարբերակը բացառված չէ։ Օրինակ, մի քանի հարյուր աշխատող ունեցող ընկերության պարագայում երկու ամսում հնարավոր է մի քանի միլիոն դրամ «ֆռռացնել» և տոկոս ստանալ։

Հիմա պետությունը դրանց առել է նշանառության տակ: Հիմնավորումն այն է, որ պետությունը պաշտպանում է աշխատակիցներին և թույլ չի տալիս նրանց հաշվին եկամուտ ստանալ։ Սակայն դա, իհարկե, համոզիչ չէ։ Որովհետև նույն պաշտոնական մեկ այլ հիմնավորումն այն էր, որ պահումները կատարվում են, որպեսզի աշխատակիցները հետո ավելի ծանր բեռի տակ չընկնեն: Եթե նպատակը դա է, ապա պետական կառույցի համար պետք է ոչ մի նշանակություն չունենա, թե ինչ է անում գործատուն պահված գումարի հետ։

Ի դեպ, այստեղ մի անհասկանալի պահ էլ կա։ Նշվում է, որ գործատուների 99%-ը աշխատավարձերից պահումներ արել է։ Սակայն պետությունն այս պահին նման տեղեկատվություն կարող է իմանալ միայն այն տնտեսվարողների մասին, որոնք գումարները փոխանցել են գանձապետարան։ Մյուս մասնավոր տնտեսվարողների ֆինանսական անցուդարձը նրանց դեռևս հասանելի չէ։ Դրա համար Արծվիկ Մինասյանը, թերևս, ճիշտ է, երբ նշում է, որ 99%-ի հիշատակումը մանիպուլյացիայի փորձ է։ Այսինքն` պետությունը դրանով փորձում է հոգեբանորեն ազդել այն գործատուների վրա, որոնք պահումներ չեն կատարում։ Փորձ է արվում տեղ հասցնել այն միտքը, որ նրանք փոքրամասնություն են` ընդամենը 1%, և, որ նրանք օրենքից դուրս են գործում։

Կարճ ասած, պետական ապարատը չի կարող ներել որևէ մեկին, ով առիթից օգտվում է և ինքն է «ֆռռացնում» այն փողը, որը կարող էր «ֆռռալ» պետական ֆինանսների համակարգում։ Ինչպես ժողովուրդն է ասում` սա ընդամենը «փողի բազար է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս