
Ղրիմի խորհրդարանի նախագահը չի բացառել Ուկրաինայի կազմից ինքնավարության դուրս գալը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ղրիմի ինքնավար հանրապետության խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ թերակղզին կարող է անջատվել Ուկրաինայից՝ երկրում իրավիճակի լուրջ անկայունացման դեպքում:
Կոնստանտինովի խոսքերով՝ նման զարգացումը հնարավոր կդառնա, եթե «երկիրը փլուզվի»: Նա հավելել է, որ ամեն ինչ գնում է դրան: Նշվում է, որ փետրվարի 4-ին Ղրիմի խորհրդարանն արդեն իսկ քննարկել է Ռուսաստանին դիմելու հնարավորությունը, որպեսզի նա անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնի և պաշտպանի թերակղզին:
Պատգամավորների կարծիքով՝ համապատասխան դիմումը պետք է հասցեագրվի Ռուսաստանի նախագահին ու օրենսդիր մարմնին: Բացի այդ, պատգամավորներն առաջարկել էին ընդլայնել Ղրիմի ինքնավարության իրավունքները, սակայն Ուկրաինայից լիովին անջատվելու հարց չէին բարձրացրել: