Շամիլ Բասաևին սպանողը հայտնաբերվել է թուրքական բանտում
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ ստամբուլյան Մալթեփե բանտում է պահվում Վրաստանի քաղաքացի Թեմուր Մախաուրին, ով թուրք իրավապահների տվյալներով՝ մասնակից է չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաևի սպանությանը:
Հենց այդ բանտարկյալն է պատրաստել բեռնատարի, որի պայթյունը 2006 թվականի հուլիսին խլեց Բասաևի կյանքը: Մախաուրին մեղադրվում է 2009 թվականի փետրվարի 26-ին Ալի Օսաևին սպանելու մեջ, ով հանդիսացել է «Կովկասյան էմիրություն» ահաբեկչական կազմակերպության ստամբուլյան ներկայացուցիչը:
Բացի այդ, Մախաուրին մեղադրվում է 2011 թվականի հոկտեմբերի 7-ին Ստամբուլում Շամսուդդին Բատուկաևի դեմ չհաջողված մահափորձ ձեռնարկելու մեջ, ով հանդիսանում էր ինքնահռչակ Իչկերիայի Հանրապետության շարիաթական դատարանի ղեկավարը: Մարդասպանին վնասազերծել էին հոգևոր գործչի թիկնապահները:
Մարտի 3-ին Ստամբուլում մեկնարկելու է 2009-2011 թվականներին 5 չեչենների սպանության գործով դատավարությունը: Օսաևից բացի, զոհերի թվում են հանդիսացել նաև Բասաևի երեք նախկին գործընկերները, որոնք ստամբուլյան այգում սպանվել են 2011 թվականի սեպտեմբերի 16-ին: