
Ուկրաինական ընդդիմության առաջնորդներն իշխանություններին մեղադրել են զինադադարը խախտելու մեջ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ընդդիմության առաջնորդներ Արսենիյ Յացենյուկը («Բատկիվշչինա»), Վիտալի Կլիչկոն («ՈՒԴԱՌ») և Օլեգ Տյագնիբոկը («Սվոբոդա») այսօր հանդիպել են Գերմանիայի, Ֆրանսիայի ու Լեհաստանի արտգործնախարարների հետ:
Յացենյուկի մամլո քարտուղար Օլգա Լապոն հայտարարել է, որ նրանց հանդիպումն ավարտվել է քիչ առաջ: Լապոյի խոսքերով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են այն ուղիները, որոնց օգնությամբ հնարավոր կլինի հասնել արյունահեղության դադարեցմանը և հակամարտության հետագա էսկալացիայի կանխմանը:
Յացենյուկը կարծում է, որ ներկայիս ճգնաժամի կարգավորման միակ ուղին հակամարտությունը փողոցներից խորհրդարան տեղափոխելն է: Կլիչկոն հայտարարել է, որ ներկայումս Կիևի կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավոր է իշխանությունը:
Կլիչկոն ընդգծել է, որ արյունահեղությունը կանգնեցնելու միակ եղանակը իշխանությունների լիակատար հրաժարական տալն է. «Հայտարարվել էր զինադադար: Այն խախտել է «Բերկուտը», ով փորձել է այրել կոնսերվատորիան: Դրանից հետո վերջ է տրվել զինադադարին: Ցուցարարները խաղաղ անցկացրել են գիշերը, սակայն նրանց խաբել են»: