Հյուսիսային Իրաքի քրդերը նավթի արտահանումը դրել են Բաղդադի վերահսկողության տակ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը համաձայնվել է հարևան Թուրքիային նավթի արտահանումը դնել դաշնային իշխանությունների վերահսկողության տակ: Այս մասին հայտարարել է Իրաքի փոխվարչապետ Հուսեին աշ-Շահրասթանին:
Նրա խոսքերով՝ քրդերը համաձայնվել են, որ իրենց տարածաշրջանից նավթի արտահանումն իրականացվի SOMO (State Oil Marketing Organization) պետական ընկերության կողմից: Նա հավելել է, որ ինքնավար շրջանի ղեկավարությունը ներկայացված կլինի SOMO-ում:
Շահրասթանին ընդգծել է, որ մեծ քայլ է համարում տվյալ հարցում կենտրոնական կառավարության ու ինքնավարության իշխանությունների միջև պայմանավորվածության գալը:
Նախորդ տարվա վերջին տեղեկատվություն էր հայտնվել, որ Հյուսիսային Իրաքի քրդերը Թուրքիայի հետ արդեն պայմանավորվել են նավթի արտահանման համար խողովակաշար կառուցելու շուրջ:
Ավելի ուշ հայտարարվեց, որ Իրաքը, Թուրքիան ու Իրաքյան Քրդստանը պայմանավորվել են ստեղծել իրաքյան նավթը Թուրքիայի տարածքով արտահանելու հարցով համատեղ հանձնաժողով, սակայն ցայժմ կողմերը չէին կարողացել համաձայնեցնել, թե ով է վերահսկելու այդ գործընթացը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրաքյան Քրդստանի կառավարությունը նավթի ու գազի արտահանման շուրջ արդեն իսկ մոտ 50 պայմանագիր է կնքել համաշխարհային խոշորագույն ընկերությունների հետ՝ շրջանցելով Բաղդադի կենտրոնական իշխանություններին:
Իրաքի դաշնային կառավարությունը Իրաքյան Քրդստանին առաջարկում է նավթային ընդհանուր եկամուտների 17 տոկոսը, սակայն դրա հետ մեկտեղ կտրականապես դեմ է տեղի իշխանություններին ածխաջրածինների հետախուզման ու արդյունահանման շուրջ ինքնուրույն պայմանագրեր ստորագրելու և դրանք արտահանելու իրավունք հատկացնելուն: