
Պուտինն Արևմուտքին կոչ է արել հրաժարվել ուկրաինական իշխանությունների հասցեին մեղադրանքներից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արեւմուտքին կոչ է արել խստագույնս դատապարտել Կիեւում ընդդիմադիր ծայրահեղականների գործողությունները եւ հրաժարվել ուկրաինական իշխանությունների հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց: Այս մասին նա հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Ռուսաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերն արտահայտվել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուտափույթ միջոցառումների իրականացման օգտին: «Պուտինն ու Մերկելը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել` Ուկրաինայում իրավիճակը կայունացնելու համար»,-նշել են Կրեմլում: Նրանք պայմանավորվել են շարունակել այս հարցով շփումները:
Մերկելն իր հերթին նշել է, որ Պուտինին տեղակացրել է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի արտգործնախարարների` հինգշաբթի առավոտյան Կիեւ կատարելիք այցի մասին: